Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Էներգակիրների դիվերսիֆիկացիա՞, թե՞ պատեհապաշտական չքաղաքականություն

Էներգակիրների դիվերսիֆիկացիա՞, թե՞ պատեհապաշտական չքաղաքականություն
19.12.2025 | 15:20

Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խորն ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Սկսենք պարզից ու ակնհայտից։ Այն երկրները, որոնք չեն արտադրում իրենց տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, օրինակ՝ էներգակիրներ, օբյեկտիվորեն ստիպված են դրանք ներմուծել։ Այդ իմաստով՝ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան ինքնին բացասական երևույթ չէ։ Ավելին՝ նեղ տնտեսական տրամաբանությամբ այն կարող է դիտվել որպես ռիսկերի նվազեցման գործիք։

Սակայն հենց այստեղ է, որ ավարտվում է պարզունակ տնտեսական մեկնաբանությունը և սկսվում է իրական քաղաքատնտեսական վերլուծությունը։

Ցանկացած ներմուծում, անկախ ապրանքի տեսակից, մակրոտնտեսական իմաստով նշանակում է մեկ բան․ տվյալ երկրի ներքին համախառն սպառման հաշվին ֆինանսավորվում է արտահանող երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։ Այլ կերպ ասած՝ երբ Հայաստանը ներմուծում է ադրբեջանական բենզին, Հայաստանի սպառողի վճարած դրամը, վերափոխվելով արտարժույթի, ուղղակիորեն մասնակցում է Ադրբեջանի ՀՆԱ-ի ձևավորմանը։

Սա ոչ բարոյական գնահատական է, ոչ էլ հռետորական հնարք։ Սա դասական մակրոտնտեսական փաստ է։

Ընդդիմախոսները կարող են հակադարձել, թե խոսքը զուտ մասնավոր բիզնեսի կողմից կայացված տնտեսական որոշման մասին է՝ առավելագույն շահույթ ստանալու նպատակով։ Եվ այս փաստարկը կլիներ ընդունելի, եթե պետությունը չունենար տնտեսական քաղաքականություն իրականացնելու սահմանադրական պարտականություն։ Հենց այստեղ էլ բացահայտվում է խնդրի իրական խորքը։

Ժամանակակից պետություններում մասնավոր բիզնեսը չի գործում քաղաքական վակուումում։ Այն գործում է պետական քաղաքականությամբ ձևավորված արժեքային, ինստիտուցիոնալ և խթանային միջավայրում։ Իսկ այդ միջավայրի առանցքային բաղադրիչներից մեկը կորպորատիվ պատասխանատու բիզնեսի խրախուսման պետական քաղաքականությունն է։

Մեր ընկալմամբ, կորպորատիվ պատասխանատու բիզնեսը այն բիզնեսն է, որը՝

- ունի ազգային կապիտալ ձևավորելու ռազմավարական նպատակադրում,

- իրականացնում է արտահանմանն ուղղված կամ ներմուծումը փոխարինող գործունեություն,

- սկզբունքորեն չի ֆինանսավորում այն երկրների տնտեսությունները, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, կամ որոնք հանդիսանում են թշնամի կամ բացահայտ թշնամաբար տրամադրված պետություններ։

Սա իդեալիզմ չէ։ Սա պետական շահի վրա հիմնված տնտեսական ռացիոնալություն է։

Այն փաստը, որ այսօր որևէ պետական մակարդակով քննարկում չկա այն մասին, թե ինչ երկրներից ներմուծումը պետք է խրախուսվի, իսկ որ երկրներից՝ սահմանափակվի կամ չխրախուսվի, վկայում է ոչ թե «շուկայի ազատության», այլ պատեհապաշտական տնտեսական վարքագծի մասին։ Իսկ ավելի ճշգրիտ՝ տնտեսական քաղաքականության բացակայության մասին։

Երբ պետությունը չի ձևակերպում իր ազգային տնտեսական շահի շրջանակը, շուկան ինքն է սկսում գործել՝ առաջնորդվելով կարճաժամկետ շահույթով։ Իսկ կարճաժամկետ շահույթը երբեք չի կառուցում անվտանգություն, ինքնիշխանություն կամ երկարաժամկետ զարգացում։

Այս իմաստով ադրբեջանական բենզինի ներմուծումը պարզապես մեկ գործարք չէ։ Այն սիմպտոմ է։ Սիմպտոմ այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գործել առանց քաղաքական նպատակադրման (կամ, որ ավելի սարսափելի է՝ քաղաքական միտումնավոր ուղղորդմամբ), առանց ազգային կապիտալի ռազմավարության և առանց պատասխանատվության այն մեծ համատեքստի նկատմամբ, որի մեջ գտնվում է պետությունը։

Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։ Իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ